6 օգոստոսի 2021 - 12:31 AMT
ՌԴ ԱԳՆ․ Չենք կարող հայ-ադրբեջանական սահմանին սահմանապահների տեղակայել

Ռուսաստանը չի կարող սահմանապահների տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին միջազգային իրավական ձևակերպման բացակայության և կողմերի վստահության պակասի պատճառով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ռուս սահմանապահների հենակետեր տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով։

«Սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայման խնդիրներից մեկը միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որին գումարվում է կողմերի փոխադարձ վստահության պակասը»,-ասել է Բիկանտովը ճեպազրույցում։

Ըստ նրա՝ սահմանին կայուն դեէսկալացիայի կարելի է հասնել միայն անհապաղ սկսելով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։

Օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ: Այդ մասին հայտարարել է Պաշտպանության նախարարությունը՝ արձագանքելով Ոսկեպարում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին։ Նշվում է նաև, որ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։