19 մարտի 2009 - 16:10 AMT
Էրդողան. Թուրքիան մի երկիր է, որին ԱՄՆ չի կարող մենակ թողնել տարածաշրջանում
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Թուրքիա կժամանի ապրիլի 6-ին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրք վարչապետը հիշեցրել է, որ ինքը Բարակ Օբամային հրավիրել է մասնակցելու «Քաղաքակրթությունների ալյանս» երկրորդ համաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 7-ին Ստամբուլում: Էրդողանի խոսքով, ամերիկյան նախագահի այցը կարեւոր իրադարձություն է: «Թուրքիան մի երկիր է, որին ԱՄՆ չի կարող մենակ թողնել տարածաշրջանում»,- հայտնել է թուրք վարչապետը:

Բարակ Օբամայի Անկարա կատարելիք այցի օրակարգում ամերիկա-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերն են, կիպրոսյան հիմնախնդիրը եւ Թուրքիայի ԵՄ մտնելու հարցը, գրում է Hurriyet Daily News թուրքական թերթը: