6 օգոստոսի 2021 - 18:23 AMT
ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախագիծը չի ընդունվել

Ազգային ժողովը չի ընդունել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկը։

«Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկին միացել էր նաև «Հայաստան» խմբակցությունը։

Կողմ է քվեարկել 33 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 68։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ եթե Արցախի հարցերով մշտական հանձնաժողով չստեղծվի, ապա դա կարող է հիմնավոր կասկածներ առաջացնել, որ քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է Արցախից։

Վանեցյանը շեշտել էր, որ նման հանձնաժողովի ստեղծումը հստակ քաղաքական ուղերձ կլինի արցախահայությանը, սփյուռքահայությանը, Ադրբեջանին ու Թուրքիային, միջազգային հանրությանը, որ ՀՀ-ն Արցախի մասին չի մոռացել, չի հրաժարվել և չի պատրաստվում հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց։