7 օգոստոսի 2021 - 15:03 AMT
Արցախի ՄԻՊ․ Պետք է բանակցել ադրբեջանական հենակետը Հին Շենի մերձակայքից հեռացնելու համար

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի ղեկավարի և բնակիչների հետ հանդիպմանը, նշել է, որ պետք է բանակցել ադրբեջանական հենակետը Հին Շենի մերձակայքից հեռացնելու ուղղությամբ։

Նշվում է, որ գյուղը մինչև պատերազմն ունեցել է 187 բնակիչ, որոնցից ընդամենը 86-ն է հիմա մշտապես բնակվում գյուղում։ Նշվում է նաև, որ գյուղացիների վերադարձի և գյուղում բնականոն կյանքի վերականգնման հիմնական խոչընդոտը գյուղի նկատմամբ գերիշխող դիրք զբաղեցնող հարակից բլրի վրա ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն է։

Գյուղի մերձակայքում գտնվող բլրի վրա տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետն անմիջական և անհերքելի սպառնալիք է Հին Շենի խաղաղ բնակչության կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության համար։

«Աներկբա է՝ ԱՀ համապատասխան մարմինները ռուս խաղաղապահների միջնորդությամբ պետք է բանակցություններ սկսեն վերոնշյալ հենակետը գյուղի մերձակա տարածքից հեռացնելու ուղղությամբ՝ բնակիչների բնականոն կյանքը վերականգնելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը երաշխավորելու համար։

Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը այդ տարածքներում անվտանգային առումով խոչընդոտներ է ստեղծում և ուղղակի սպառնալիք է հանդիսանում նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու առումով, մասնավորապես՝ խոտհարքների կազմակերպման, արոտավայրերից օգտվելու և մեղվափեթակների սպասարկման համար»,-ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 29-ին և օգոստոսի 2-ին Շուշիի շրջանի Հին-շեն համայնքի բնակիչներին պատկանող 4 խոշոր եղջերավոր կենդանիներ հափշտակվել են։ Գյուղացիների պնդմամբ՝ անասուններին ապօրինի տիրացել են հենակետում ծառայություն իրականացնող ադրբեջանական զինվորականները։ Դեպքի վերաբերյալ Շուշիի վարչակազմի ղեկավարի՝ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումը արդեն ուղարկվել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն։