19 մարտի 2009 - 17:42 AMT
Երեւանն ու Մինսկը քննարկում են ապրանքաշրջանառության ծավալների ավելացման ճանապարհները
2009թ. մարտի 18-20-ը Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվում է հայ-բելոռուսական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ համատեղ նիստը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ հանրապետության գործարար շրջանակների ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, հանձնաժողովի յոթերորդ համատեղ նիստի շրջանակներում կողմերի քննարկման հիմնական հարցերն են` Հայաստանի եւ Բելոռուսի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը, գյուղատնտեսության եւ գյուղմթերքի վերամշակման ոլորտում համագործակցության ընդլայնումը, դեղագործության ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, համագործակցության զարգացումը արդյունաբերության, առողջապահության, զբոսաշրջության, սպորտի, կրթության եւ գիտության ոլորտներում, Հայաստանի եւ Բելոռուսի միջեւ միջմարզային կապերի խորացումը եւ այլն:

Հանձնաժողովի համատեղ նիստի արդյունքում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր, այդ թվում` Հայաստանում մինի-տրակտորների եւ գյուղատնտեսական տեխնիկայի բելոռուսա-հայկական համատեղ արտադրության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:Բելոռուսի Էկոնոմիկայի նախարար Նիկոլայ Զայչենկոյի խոսքով, շահագրգռված գերատեսչությունները պետք է դիտարկեն մինչեւ 2009թ. հունիսի 1-ը ՀԱ ստեղծման հարցը: «Երկու երկրների կառավարությունները պետք է պայմաններ ստեղծեն տնտեսվարության սուբյեկտների համար, որոնք իրականացնելու են այդ նախագիծը»,- նշել է նա:

Նիստի ընթացքում դիտարկվեցին նաեւ Հայաստան ավտոբուսների, ավտոմոբիլային եւ կարյերային տեխնիկայի, տրակտորների ու նրանց համար նախատեսված ավտոմասերի մատակարարման հարցեր:

Բացի այդ, կառուցողական երկխոսություն կայացավ ֆարմակոլոգիայի ոլորտում, եւ առաջադրվեց դեղագործական միջոցների համատեղ ապրանքանիշերի ստեղծման եւ զարգացման գաղափարը:

Բելոռուսի Սպորտի եւ տուրիզմի նախարարության եւ Հայաստանի Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության միջեւ ֆիզկուլտուրայի եւ սպորտի ոլորտում 2009-2010թթ. համագործակցության մասին ծրագիր տորագրվեց:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն իր կողմից վստահեցրեց, որ հայկական կողմը վճռական է տրամադրված եւ հսկելու է այն ամենի կատարումը, ինչ արձանագրված է ամփոփագրում, ասվում է հաղորդագրության մեջ: