19 մարտի 2009 - 18:01 AMT
Ճգնաժամը սարսափելի չէ եվրոպացիների համար, իսկ Հայաստանում ավելի հազվադեպ են սկսել գրքեր գնել
Երեւանյան գրախանութների տվյալներով, անցյալ տարվա համեմատ Հայաստանում 2009թ. գրքերի վաճառքի մակարդակն իջել է 20-30 տոկոսով: Դրա պատճառը կարող է լինել ինչպես Ինտերնետի լայնածավալ կիրառությունը, որտեղ տեղակայված է, փաստորեն, ողջ գրականությունը, այնպես էլ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքները: Հայաստանում դասագրքերի պահանջարկը նախկինի պես մեծ է: Մոտ ապագայում սպասվում է նաեւ գրքերի թանկացում, քանի որ գրքերի մեծ մասը Հայաստան է բերվում Ռուսաստանից, որտեղ տպաքանակի կրճատման պատճառով նկատելի է գների բարձրացումը:

Դրա հետ մեկտեղ, ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեյպցիգի գրքերի տոնավաճառի մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Հայկե Ֆիշերը, որքան էլ որ դա զարմանալի է, համաշխարհային ճգնաժամը բացասապես չի ազդել գրքերի վաճառքի ծավալների վրա: «Այս տարի Լեյպցիգի գրքերի տոնավաճառին մասնակիցներն ավելի քիչ չէին, քան նախկին տարիներին: Անգամ խոշոր ձեռնարկություններն իրենց վրա զգում են ճգնաժամի հետեւանքները, բայց ոչ` գրքերի աշխարհը»,- նշել է նա:

Լեյպցիգի գրքերի տոնավաճառի մասնակիցների թիվն այս տարի կազմել է 2135 հոգի աշխարհի 38 երկրներից: Ցավոք, նշել է Հայկե Ֆիշերը, Հայաստանից մասնակիցներ չկային: Բայց նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի Հայաստանի ներկայացուցիչները նույնպես կմասնակցեն տոնավաճառին:

Ընդհանուր առմամբ տոնավաճառ է այցելել 147 հազ. մարդ, ինչը գրեթե 20 հազ. ավել է, քան անցյալ տարի: «Լեյպցիգի գրքերի տոնավաճառը 2009թ. կատարեց երկու հիմնական խնդիր. առաջինը` իմպուլս հաղորդեց գրքային արդյունաբերության զարգացմանը, եւ երկրորդը` ցույց տվեց, որ այսօր հանրությունը գրքերի կարիք ավելի շատ ունի, քան երբեւէ»,- ասել է Լեյպցիգի գրքերի տոնավաճառի գլխավոր տնօրեն Վոլֆգանգ Մարցինը: