10 օգոստոսի 2021 - 16:59 AMT
Նախագահ․ Շվեյցարիան պատրաստ է հուսալի գործընկեր մնալ ՀՀ բարեփոխումների գործընթացում

Շվեյցարիայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Շնորհավորելով, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը նշել է, որ իր երկիրը պատրաստակամ է մնալ որպես հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում։

«Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի անունից, մեծ հաճույքով, Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, այս նշանակալի պաշտոնում Ձեզ եմ ուղղում հաջողության լավագույն բարեմաղթանքներս, ցանկանում եմ Ձեզ անձնական բարօրություն, ինչպես նաև շարունակական բարգավաճում Ձեր երկրին։

Ես հանձնառու եմ խթանելու մեր երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերությունները և համոզված եմ, որ ապագայում մեր բարեկամությունն ու համագործակցությունը կշարունակեն խորանալ»,-ասվում է ուղերձում։