11 օգոստոսի 2021 - 12:14 AMT
Նախագիծ․ Օգոստոսի 25-ից պահեստազորայինների վարժական հավաքներ են նախատեսվում

Պաշտպանության նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել, ըստ որի նախատեսվում է 2021թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ն անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ։

Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել ընդհանուր մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:

Տրանսպորտային միջոցների մասով նախատեսվում է ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց ներգրավել։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով: