11 օգոստոսի 2021 - 12:19 AMT
Ստեփանակերտում բնակարանների ձեռքբերման գործընթացը ժամանակավոր կկասեցվի

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հանձնարարել է ժամանակավորապես կասեցնել Ստեփանակերտում բնակարանների ձեռքբերման գործընթացը։

Օգոստոսի 10-ին նա հրավիրել էր խորհրդակցություն՝ քննարկելու խոցելի խմբերի համար պետական բնակարանային ֆոնդի ձևավորման հետ կապված հարցերը:

Պետնախարարը նշել է, որ կառավարության կողմից մեկնարկած բնակարանային ծրագրերն ակտիվություն են մտցրել անշարժ գույքի շուկայում՝ երբեմն հանգեցնելով ոչ նախընտրելի դրսևորումների, ներառյալ՝ արհեստական գնաճի: Նշվել է, որ այդ գործընթացում մեկ այլ խնդիր է առաջանում վարձակալությամբ ապրողների համար, որոնք ստիպված են ազատելու վաճառվող բնակարանը:

Բեգլարյանը շեշտադրել է, որ խնդիրների մի մասը պայմանավորված է նաև պետական կարգավորումների բացակայությամբ կամ կիսատությամբ:

Հաշվի առնելով այս ու մի շարք այլ խնդիրներ բնակարանային ոլորտում՝ պետական նախարարը հանձնարարել է ժամանակավորապես կասեցնել բնակարանների ձեռքբերման գործընթացը Ստեփանակերտում՝ մինչև ոլորտի լրիվ կարգավորումը, լիազոր մարմնի՝ բնակարանային հարցերի կոմիտեի վերջնական ձևավորումը և առաջնային շուկայում էական առաջընթացի ապահովումը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև ծրագրերի իրականացման ընթացքում վերհանված մի շարք հարցեր, որոնց լուծման նպատակով պետնախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ