ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Covid-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները:
Նշվում է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում:
«Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է:
Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ»,-ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ:
Պատվաստման ժամանակավոր հակացուցումներ են՝ սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը:
Նշվում է նաև, որ հղիությունը պատվաստման հակացուցում չէ. հղիները ներառվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերում:
Խորհուրդ չի տրվում հետաձգել հղիության պլանավորումը կամ էլ պատվաստման պատճառով ընդհատել հղիությունը: Եթե հղին պատվաստվել է առանց տեղեկացված լինելու հղիության մասին, ապա պատվաստումն անվտանգ է մոր և պտղի առողջության համար և հղիությունն ընդհատելու ցուցում չէ։
COVID-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները սահմանվում են միայն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, տեղամասային բժշկի կողմից:
Պատվաստման բժշկական հակացուցման վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է ամբուլատոր քարտում, որի հիման վրա անձին տրամադրվում է քաղվածք` ըստ պահանջի ներկայացնելու համար:
Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 8-ի դրությամբ` կատարվել է 194902 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 132529, երկրորդ դեղաչափ` 62373։