11 օգոստոսի 2021 - 17:24 AMT
Ստեփանակերտի ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը կդադարեցվի

Ստեփանակերտում գործող ավտոլվացման բոլոր կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը կդադարեցվի՝ մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը։ Նման որոշում է կայացրել քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

Այն պայմանավորված է երաշտի պատճառով մայրաքաղաքում առաջացած ջրամատակարարման խնդիրներով։

Ստեփանակերտի քաղաքապետարանը վերոնշյալ օբյեկտների սեփականատերերին և ջրօգտագործողներին հորդորել է ենթարկվել որոշման պահանջին, որի կատարման պատասխանատուն «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունն է, իսկ վերահսկողությունն անում է քաղաքապետարանի աշխատակազմի Արտադրական ենթակառուցվածքների բաժինը:

Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են: Դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները: «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը հայտարարել էր, որ իր ամբողջ մարդկային ու տեխնիկական ներուժով լծված է խնդրի կարգավորման գործին, բայց դա բավարար չէ, քանի որ ջրի պաշարները սուղ են: