11 օգոստոսի 2021 - 17:51 AMT
Բաբայան․ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը՝ Արցախում ՀՀ կողմից նոր ռազմական ուժեր կենտրոնացնելու մասին, սադրանք է

ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իբր ՀՀ-ն ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում և ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները, դա անվանել է սադրիչ և ահաբեկչական քայլ։

Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 11-ին հայտարարություն է տարածել, թե իբր վերջին օրերին Հայաստանը խախտել է 2020թ.-ի նոյեմբերի 10-ի հրադադարի եռակողմ հայտարարությունը և ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում՝ հավելելով, ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։

«Վախեցնելով արցախցիներին և սպանելով Արցախի ապագայի նկատմամբ նրանց հավատը՝ թշնամին նպատակ ունի հայաթափել Արցախը»,-ասել է Բաբայանը, գրում է Արցախպրեսը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը փորձում է քողարկել տարբեր ուղղություններով իր ագրեսիվ քայլերը՝ նմանատիպ կեղծ հայտարարություն տարածելով: «Չի բացառվում, որ թշնամին Թուրքիայի խորհրդով փորձում է նաև հարված հասցնել հայ-ռուսական եղբայրությանը՝ ստվերելով տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին և պահպանել սառնասրտություն», - նշել է ԱԳ նախարարը: