12 օգոստոսի 2021 - 15:14 AMT
Սանոսյան․ Ապաշրջափակման դեպքում երկաթուղին ԽՍՀՄ տարիների ուղղություններով կանցնի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը, խոսելով կոմունիկացիաների բացման մասին, ասել է, որ ապաշրջափակման դեպքում կառուցվելիք երկաթուղու ուղղությունները կլինեն նույնը, ինչ ԽՍՀՄ տարիներին։

Սանոսյանը նշել է նաև, որ բոլորին հայտնի է՝ երկաթուղին անցնում էր Նախիջևանով, Մեղրիով։

«Եթե որոշում կայացվի, որ երկաթուղին պետք է շահագործել, ուրեմն այդ ուղղությունը պետք է վերականգնել. երկաթուղին սովետական տարիներին անցել է նաև Իջևանի ուղղությամբ։ Ենթադրաբար, երբ տարածաշրջանում խաղաղություն լինի, և կարողանանք ամբողջովին ապաշրջափակել, կարծում եմ` նաև տնտեսապես ձեռնտու կլինի այդ ուղղություններով աշխատեցնելը», - ասել է Սանոսյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա ասել է, որ ապաշրջափակումը վերաբերվում է երկու երկրին. երկուսը համաչափ կերպով պետք է ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները, և սկսվի հաղորդակցություն:

«Հաղորդակցության բացումից կշահենք ոչ միայն մենք, այլև տարածաշրջանի մեր հարևան երկրները։ Իսկ եթե հատկապես երկաթուղու մասին է խոսքը, չենք կարող առանց ենթակառուցվածքների կառուցման ապաշրջափակման հասնել, քանի որ կան հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, ուստի պետք է նորը կառուցվի»,–ասել է Սանոսյանը։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեել է, որ kան հարցեր, որոնք կարող են ավելի արագ լուծվել, կան հարցեր, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում: Ըստ վարչապետի, հնարավոր արագ լուծվող հարցերից է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ապաշրջափակման օրակարգը։