12 օգոստոսի 2021 - 16:29 AMT
ՊԲ․ Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է հատել շփման գիծը՝ կանխվել է

Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Արցախի արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։

Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:

Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 11-ին հայտարարություն է տարածել, թե իբր վերջին օրերին Հայաստանը խախտել է 2020թ.-ի նոյեմբերի 10-ի հրադադարի եռակողմ հայտարարությունը և ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում՝ հավելելով, որ ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։