13 օգոստոսի 2021 - 13:46 AMT
Ռուս խաղաղապահները մոտ 40 լ արյուն են հանձնել Արցախի բնակիչների համար

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել հիվանդանոցներում բուժվող Արցախի հեռավոր շրջանների բնակիչների համար, որոնք ապրում են բաժանարար գծի հարևանությամբ։

Զինծառայողների կողմից արյան նվիրատվությունը եղել է կամավոր հիմունքներով՝ ի պատասխան տեղի իշխանությունների Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մարդասիրական արձագանքման կենտրոնին ուղղված կոչին։

Կոչին մոտ 100 ռուս զինծառայող է արձագանքել, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Արյան նմուշառումն իրականացվել է Ստեփանակերտի արյան փոխներարկման բաժանմունքում խաղաղապահ ուժերի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետների կողմից։ Բաժանմունքի պետ Գայանե Ավանեսյանն ասել է, որ արյան նմուշառումից հետո այն հետազոտվում է լաբորատորիայում՝ տարբեր վարակների առկայությունը բացառելու նպատակով։