16 օգոստոսի 2021 - 13:46 AMT
Գրիգորյան․ Մշտապես սատարել ենք Հնդկաստանին` Ջամմու և Քաշմիրի հարցում

Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը, Հնդկաստանի անկախության 75-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանը մշտապես սատարել է Հնդկաստանին Ջամմու և Քաշմիրի հարցում:

«Միևնույն ժամանակ, մենք բարձր ենք գնահատում Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի, տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների, ինչպես նաև Հայաստանի սահմանների դեմ ոտնձգությունների առնչությամբ Հնդկաստանի իշխանությունների հասցեական հայտարարությունները»,-ասել է նա։

Գրիգորյանը նշել է, որ Հնդկաստանն իր պետականությամբ և մշակույթով մշտապես կարևորագույն տեղ է զբաղեցրել համաշխարհային քաղաքակրթության մեջ, իսկ հայ և հնդիկ ժողովուրդների հարաբերությունները և պատմական կապերը սկիզբ են առնում հազարամյակների խորքից:

«Ցավոք, 2020թ. հունվարից կորոնավիրուսի համավարակի տարածումը, ինչպես նաև 2020թ. սեպտեմբերին Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիան թույլ չտվեցին մեզ կյանքի կոչել մեր նախանշած ծրագրերը և փոխադարձ այցելությունները․․․Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի լիակատար հաղթահարման գործում»,-ասել է Գրիգորյանը:

Նա հավելել է, որ տնտեսական համագործակցության ակտիվացման տեսանկյունից մեծապես կարևորվում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և առաջիկայում գործարար համաժողովների անցկացումը:

«Հայաստանն ուշադիր հետևում է Հնդկաստանի ակտիվ ներգրավվածությանը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում և Հնդկաստանի շահագրգռվածությանը` զարգացնելու Չաբահար նավահանգիստը և այն կապելու այդ նախագծին՝ պատրաստ լինելով ներգրավվել այդ ծրագրի իրագործման աշխատանքներում», - նշել է նա։

Գրիգորյանը հավելել է, որ, հետադարձ հայացք գցելով հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ընթացքին, կարելի է արձանագրել, որ Հայաստանն ու Հնդկաստանը ձևավորել են միջպետական համագործակցության դինամիկ ձևաչափ:

Ջամմու և Քաշմիր Հնդկաստանի նահանգներից մեկն է, որը նախկինում եղել է իշխանապետություն Բրիտանական Հնդկաստանում։ Այժմ Ջամմու և Քաշմիրի տարածքը վեճի առարկա է Հնդկաստանի և Պակիստանի միջև, և երկուսն էլ տարածքային պահանջներ են ներկայացնում նահանգի նկատմամբ։