19 օգոստոսի 2021 - 14:36 AMT
ԱԱԾ տնօրենն ընդունել է բողոքի ակցիայի մասնակից՝ անհետ կորածների հարազատներին

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ընդունել է անհետ կորածների հարազատներին, որոնք օգոստոսի 19-ի առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում ԱԱԾ շենքի առջևէ՝ տնօրենի հետ հանդիպում պահանջելով։

Աբազյանի հետ անհետ կորածների հանդիպմանը լրագրողները չեն մասնակցել։

Անհետ կորածների հարազատները մինչ հանդիպումը նշել են, որ տարբեր մարմինների են դիմել, սակայն որևէ արձագանք չկա մինչ օրս, և Ստեփանակերտի զորամասերից մեկից 21 անհետ կորածից միայն 9-ի մասունքներն են հայտնաբերվել, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Այսօր գնացինք նաև Կարմիր խաչ, սակայն աշխատակազմը տեղում չէր և վաղն առավոտյան նորից կգնանք այնտեղ, որպեսզի ինչ-որ ինֆորմացիա ստանանք»,–ասել է անհետ կորածներից մեկի հայրը։

Անհետ կորածների հարազատները հաճախ են բողոքի ակցիաներ անում տարբեր գերատեսչությունների առջև` ինչպես կառավարության, այնպես էլ Պաշտպանության նախարարության և դեսպանատների։ Նրանց քանիցս ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն բոլոր հանդիպումներից հետո հարազատները նշել են, որ իրենց չեն բավարարել հնչած պատասխանները։