19 մարտի 2009 - 21:18 AMT
Գեղամ Վարդանյանը կմասնակցի գեղասահքի աշխարհի առաջնությանը
Մենասահքում հանդես եկող Գեղամ Վարդանյանը կմասնակցի մարտի 23-29-ը Լոս Անջելեսում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

«Մենք կարծում էինք, որ աշխարհի առաջնությանը հանդես կգա նաեւ ԱՄՆ-ից մեր հայրենակից Պյեր Բալյանը, սակայն, ցավոք, մենք չհասցրեցինք ապահովել նրա մասնակցությունն այս առաջնությանը, քանի որ ձգձգվեց նրա ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցը: Ոսւտի մենք կրկին կգործուղենք Գեղամին: Իսկ Բալյանը ապրիլի սկզբին կժամանի Հայաստան` անձնագիր ստանալու եւ փաստաթղթերը ձեւակերպելու նպատակով: Ինչ վերաբերում է աղջիկներին, ապա ֆեդերացիան որոշեց չգործուղել նրանց առաջնության, քանի որ այս պահի դրությամբ նրանք այնքան էլ լավ մարզավիճակում չեն»,-ասել է Խաչատրյանը:

Խաչատրյանը նշել է նաեւ, որ հայ գեղասահորդները կմասնակցեն «Բյուրեղապակյա չմուշկ» մրցաշարին, որին կմասնակցեն ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գեղասահորդները: Մրցաշարը կանցնի ապրիլի 24-27-ը Մոսկվայի հոկեյի ու գեղասահքի Օդինցովոյի տարածքային կենտրոնում:

«Դեռեւս հայտնի է միայն մեկ մասնակցի անունը, դա Սարգիս Հայրապետյանի կրտսեր եղբայր Սլավիկ Հայրապետյանն է: Իսկ աղջիկների ընտրությունը մենք կկատարենք Լոս Անջելեսի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո: Մենք պատրաստում ենք նաեւ պարային մի զույգ, քանի որ Ազրոյանից ու Գրեբյոնկինայից հետո, որոնք լուրջ վնասվածք են ստացել, մենք այդպիսի զույգ չունեինք»,-նշել է Խաչատրյանը: