19 մարտի 2009 - 21:31 AMT
ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դեռ չեն պայմանավորվել
ՀԱԿ-ը չի ընդունել միասնական ցուցակով քաղաքապետի ընտրություններին գնալու եւ քաղաքապետի պաշտոնի համար Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունն առաջադրելու «Ժառանգության» առաջարկը: ՀԱԿ-ը նույնիսկ չի հրավիրել «Ժառանգության» ներկայացուցիչներին առաջիկա ընտրություններում ընդդիմության ձեւաչափն ու ցուցակը քննարկելու համար: Ըստ ՀԱԿ-ի եւ ընդդիմության կենտրոնական գրասենյակի որոշման, ՀԱԿ-ի ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղը ցուցակում կզբաղեցնի Ստեփան Դեմիրճյանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե նախատեսված է արդոյք երրորդ տեղը «Ժառանգություն» կուսակցության, մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի համար, ՀԱԿ-ի մամլո քարտուղար Արման Մուսինյանը հայտարարել է, թե այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել: Նրա խոսքերով, մինչ մարտի 22-ը ընդդիմության ձեւաչափն ու վերջնական ցուցակը հասանելի կլինեն հասարակությանը:

Իր հերթին ՀԱԿ-ի անդամ Վահագն Խաչատրյանը հայտարարել է, որ դեռեւս շանս կա երկու ընդդիմադիր ուժերի միավորման համար: Նրա կարծիքով, ՀԱԿ-ի հաղթելու շանսերը «Ժառանգության» շանսերից բարձր են: «Եթե ընդդիմության ցուցակը Լեւոն Տեր-Պետրոսյանը չգլխավորեր, իշխանություններն ուղղակի նախապես «կնկարեին թվերը»: Ես կարծում եմ, որ Երեւանի բնակիչները կհասկանան Լ.Տեր-Պետրոսյանի քայլը»,-հայտարարել է նա: