24 օգոստոսի 2021 - 14:59 AMT
Վարչապետ․ Կանայք պետք է ներգրավվեն ԶՈւ մարտական ստորաբաժանումներում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում ներկայացնելով կառավարության 5-ամյա ծրագիրը և անդրադառնալով բարեփոխումներին ԶՈւ-ում, հայտարարել է, որ կանայք պետք է առավել մեծ ներգրավվածություն ունենան ԶՈւ մարտական ստորաբաժանումներում։

Նա ասել է, որ դա պայմանավորված է օբյեկտիվ տվյալներով, որոնց համաձայն կանայք ՀՀ բնակչության մեծամասնություն են կազմում և ուղղակի չի կարելի անտեսել այդ ներուժը, և ոչ միայն Զինված ուժերում։ Վարչապետը հավելել է, սակայն, որ դա չի նշանակում, թե կայանք բանակում պետք է նույնքան ներգրավված լինեն, որքան տղամարդիկ։ «Խոսքը պոտենցիալի հնարավորինս լիարժեք օգտագործման մասին է»,-ասել է նա

Խոսելով պրոֆեսիոնալ բանակին անցում կատարելու մտադրության մասին՝ Փաշինյանը շեշտել է դրա տարբերությունը պայմանագրային ծառայությունից, երբ մարդն ունի իր հիմնական մասնագիտությունը և ամսավա որոշ հատված ներգրավվում է զինծառայության մեջ։ Վարչապետը շեշտել է, որ պրոֆեսիոնալ բանակ ենթադրում է, որ զինծառայողը մշտապես զբաղված է լինելու իր մարտական պատրաստվածության բարձրացմամբ։

Փաշինյանը կարևորել է նաև նաև բանակի տեխնոլոգիական արդիականացումը, ավտոմատացված կառավարման համակարգի ներդրումը։ Վարչապետը բանակի բարեփոխումների արդիականացման գործընթացում կարևորեց ռազմավարական դաշնակցի` ՌԴ-ի հետ համագործակցությունը

Օգոստոսի 18-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր կառավարության 2021-2026թթ. ծրագիրը՝ բաղկացած 6 բաժնից։ Այդ բաժիններն են՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն և ինստիտուցիոնալ զարգացում: