26 օգոստոսի 2021 - 12:39 AMT
Մարտակերտում ադրբեջանցի զինծառայող է ձերբակալվել

Օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, տեղեկացնում է Արցախի դատախազությունը։ Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն:

Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։

Կատարվում է հետաքննություն, դեպքի հանգամանքների վերաբերյալ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Միաժամանակ ԱՀ դատախազությունն անընդունելի է համարում Արցախի ներքին ու արտաքին անվտանգությանն ու ռազմական ոլորտին վերաբերող տեղեկությունների տարածման, հրապարակման, համացանցային տիրույթ ներբեռնելու և ինքնագործունեության նմանատիպ այլ դրսևորումները։

«Երբ իրավապահ մարմինները քննարկում են հակառակորդի կողմից հնարավոր դիվերսիոն գործողության կազմակերպման կամ հանցավոր խմբի կողմից ԱՀ տարածք ներթափանցելու և լրտեսելու հնարավոր վարկածները, որոնց պատշաճ քննարկումը և հանցավորներին հայտնաբերելու հնարավորությունը ուղղակիորեն փոխկապակցված է հանցակցի բացահայտման դեպքի գաղտնիության հետ, իսկ դրան զուգահեռ՝ ԱՀ քաղաքացիների կամ այլ անձանց կողմից ընթանում է դեպքի հանգամանքների ինքնագլուխ լուսաբանում կամ տարածում, ապա այդպիսի իրավիճակում հաջողության հասնելու հնարավորությունը գրեթե զրոյացվում է»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ արտաքին ու ներքին սպառնալիքների, վտանգների պայմաններում ԱՀ դատախազությունը բաց ու հրապարակային է` պատրաստ պատասխանել հրապարակման ենթակա ու գաղտնիք չպարունակող տեղեկության վերաբերյալ ցանկացած հարցման: