27 օգոստոսի 2021 - 12:47 AMT
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ․ Ալիևն ընդունել է, որ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին, որտեղ շեշտել է, որ Ադրբեջանի նախագահի օգոստոսի 14-ի հարցազրույցում վերջինս ընդունում է, որ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը 2020թ․ սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ շրջանառվել է Մարգարյանի` ՄԱԿ Գլխավոր քարտուղարին հղված նամակը, որով ՄԱԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերի վրա՝ կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործություններն ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով։

Նամակում դեսպանն անդրադարձել է ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակաբար հնչեցվող ատելության խոսքին և ռազմատենչ հռետորաբանությանը։

Նշվում է, որ նման կերպ պաշտոնապես հաստատվում են Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների բացահայտ խախտումները և գլոբալ համավարակի պայմաններում պատերազմի սանձազերծումը՝ ոտնահարելով նաև համաշխարհային առողջապահական ճգնաժամի ընթացքում զինված գործողությունները դադարեցնելու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչը։