27 օգոստոսի 2021 - 13:35 AMT
Վարչապետ․ Ադրբեջանն Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի հարավ տանող ճանապարհը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, որից հետո արդեն ադրբեջանցիները փակեցին Սյունիքի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։

«Սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին։ Հուսով եմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի»,-ասել է Փաշինյանը:

Օգոստոսի 25-ի երեկոյան ադրբեջանցի զինծառայողները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։

«Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել», - ասել Փաշինյանը՝ հավելելով, որ մեր ծառայությունները պետք է զգոն և ուշադիր լինեն։

Նա ընդգծել է, որ այդ ընթացքում «ամուր նյարդեր են պետք», քանի որ ՀՀ-ն խաղաղության օրակարգի իր ռազմավարական գիծն առաջ է տանելու։

Վարչապետն ասել է նաև, որ Սյունիքում ճանապարհների հետ ստեղծված իրավիճակը անկանխատեսելի չէր կառավարության համար և աշխատանք է տարվել և տարվում է նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ։

«Մյուս կողմից, Էյվազլի և Չայզամի հատվածներում Ճանապարահի բացումը տարածաշրջանային կայունության շատ լավ օրինակ կարող է դառնալ»,-ասել է Փաշինյանը։

Փաշինյանը պարբերաբար կրկնում է, որ ՀՀ քաղաքացիներից ստացել է խաղաղության դարաշրջան բացելու մանդատ։