30 օգոստոսի 2021 - 14:47 AMT
ԱԳ նախարար․ Ադրբեջանում գտնվող հայ գերիներին ու պատանդներին խոշտանգում են

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձում կրկին բարձրաձայնել է և բոլոր գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման խնդրին:

Նա նշել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, արդեն արձանագրված են նաև նրանց կյանքի իրավունքից զրկելու դեպքեր: Շարունակվում են հայ ռազմագերիների ապօրինի և շինծու դատավարությունները:

«Ադրբեջանական իշխանությունները հերքում են տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, որի առնչությամբ կան հստակ ապացույցներ, ուստի այդ անձինք ինքնաբերաբար համարվում են բռնի անհետացման զոհ:

Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և պատանդառված քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ»,-ասվում է ուղերձում:

Նշվում է, որ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիաների և 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները, Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գերիների վերադարձը։

«Գնահատելի է բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների, ներառյալ՝ Freedom House-ի կողմից խնդրին անդրադարձը, մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված պահանջը՝ ողջ ծավալով համագործակցել ՄԻԵԴ-ի հետ՝ հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում»,-ասվում է ուղերձում:

Միրզոյանը կոչ է արել միջազգային գործընկերներին, ինչպես նաև իրավապաշտպան կառույցներին ակտիվացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա՝ պահանջելով հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար և անմարդկային պայմաններում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

2010թ․ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով իր խորին մտահոգությունն է արտահայտել աշխարհի տարբեր վայրերում բռնի կամ ոչ կամավոր անհետացումների, այդ թվում՝ բռնի կամ ոչ կամավոր ձերբակալությունների կապակցությամբ և օգոստոսի 30-ը հռչակեց որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։

Բռնի անհետացումների զոհերը փաստացի զրկված են բոլոր իրավունքներից՝ ազատության, անձի անվտանգության, ինքնության, արդար դատավարության: Ցավոք, շատ դեպքերում նրանք զրկվում են նաև կյանքի իրավունքից: