Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝ որպես վարչական շրջանի ղեկավար։ Ցանկությունս մեկն է՝ խաղաղություն մեր երկրին»,-գրել է նա:
Աբրահամյանը նշել է, որ մոտ 3 տարի առաջ է սկսել աշխատանքը։ Հրաժարականի պատճառները նա չի նշել։
«Մենք միասին սկսեցինք աշխատել, պլաններ կազմել ու կյանքի կոչել տարբեր ծրագրեր ու վստահ եմ ՝ այսուհետ նույնպես այդ բարի ավանդույթներն ու լավ նախաձեռնությունները շարունակական են լինելու՝ ի նպաստ Էրեբունու բարօրության։
Ես փորձել եմ բոլոր նախաձեռնությունների հիմքում դնել օրենքը և գործել բացառապես այդ տիրույթում, ստեղծելով նորը՝ զարգացնելով հինը։
Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել իմ բնակիչներին, աշխատակազմին, մեր հավատարիմ գործընկերներին»,-ասվում է գրառման մեջ։
Աբրահամյանը Էրեբունի վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2018թ. հոկտեմբերին։