20 մարտի 2009 - 14:38 AMT
ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգված է Ադրբեջանում հանրաքվեի ընթացքով
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ամանդա Հարփերը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հանրաքվեի կազմակերպման շտապողականության, հավաքների սահմանափկումների եւ մամուլում նախընտրական բանավեճի լուսաբանման վերաբերյալ: «Նման գործելաոճը սահմանափակում է քաղաքացիների կամքի արտահայտությունը, եւ մենք գիտենք, որ իշխանություններն ու ոստիկանությունը միջամտել են նախընտրական արշավին ու հանրաքվեի գործընթացին»,-հայտարարել է Հարփերը:

Ըստ Ամանդա Հարփերի, ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանի կառավարությանն ամբողջությամբ ապահովել քաղաքացիների հիմնական ազատությունների, ներառյալ խոսքի ազատության, հավաքների ու ասոցիացիաների ազատությունը: Նա նաեւ կոչ է արել երկրի իշխանություններին օպերատիվ կերպով հետաքննել հանրաքվեի գործընթացին իշխանական կառույցների միջամտության մասին տեղեկությունները:

Ալիեւի քննադատները մեղադրում են ԱՄՆ-ին ու Եվրոպային Ադրբեջանում ընդդիմության քաղաքական հետապնդումներն անտեսելու համար, ինչը բացատրվում է էներգետիկ պաշարներից զրկվելու մտավախությամբ:

Ըստ պաշտոնական տվյալների ընտրողների ակտիվությունը մարտի 18-ի հանրաքվեում բարձր էր` քվեարկել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 71 տոկոսը: Այդ թվից, հաղորդել է երկրի ԿԸՀ-ն, 92 տոկոսը «այո» է ասել քվեարկության համար առաջադրված հարցերին: Համարվում է, որ գլխավորը նախագահի պաշտոնը զբաղեցնելու սահմանափակումները վերացնելու հարցն էր: Հանրաքվեի արդյունքները նշանակում են, որ նախագահ Իլհամ Ալիեւը կկարողանա ցմահ մնալ իշխանության մեջ: