1 սեպտեմբերի 2021 - 15:16 AMT
Սեպտեմբերի 1-ին Առաջին զանգը հնչել է Արցախի 108 դպրոցում

Սեպտեմբերի 1-ին Առաջին զանգը հնչել է Արցախի 108 դպրոցում, ասել է ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը, տեղեկացնում է Արցախպրեսը:

«2021-2022 ուսումնական տարվա դասերի մեկնարկը տրվում է սեպտեմբերի 1-ից: Ուսումնական տարվան ընդառաջ՝ դպրոցները համալրվում են անհրաժեշտ դասագրքերով, որոնց առաքման պրոցեսն ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ՝ հանրապետության դպրոցներ կհաճախի 19,000 աշակերտ, որից առաջին դասարան կգնա 1907 երեխա: Ստեփանակերտի առաջին, երկրորդ, երրորդ, յոթերորդ և տասներորդ դպրոցներում դասապրոցեսը կազմակերպվելու է երկհերթ:

Յուրաքանչյուր դպրոցի մանկավարժական խորհուրդն է որոշել հաստատություն հաճախելու ժամը (հիմնականում սկսելու են 8:30-ին կամ 9:00-ին), ընդունել հնգօրյա, թե վեցօրյա ռեժիմով դասապրոցեսը կազմակերպելու որոշումը», - նշել է Համբարձումյանը:

Նա հավաստիացրել է, որ պատերազմի հետևանքով տեղահանված աշակերտների ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրները լուծված են:

«Դպրոցների ազատ ընտրության հնարավորությամբ աշակերտների մի մասը տեղավորվել է Ստեփանակերտի հանրակակրթական, մայրաքաղաքում վերաբացված Շուշիի Խ. Աբովյանի, Դ. Ղազարյանի, Հադրութի Մ. Մանվելյանի անվան հանրակրթական դպրոցներում, իսկ մյուս մասը՝ շրջկենտրոններում և գյուղական համայնքների դպրոցներում», - մանրամասնել է նա:

Համբարձումյանը հավելել է նաև, որ, հաշվի առնելով Ստեփանակերտի որոշ դպրոցների ծանրաբեռնվածությունն ու մի շարք այլ հանգամանքներ, դասերի տևողությունը լինելու է 40 րոպե: