1 սեպտեմբերի 2021 - 18:25 AMT
Արցախի Մարտունու շրջանի 1000 աշակերտ գրենական պիտույքներ և պայուսակներ է ստացել

«Ազնավուր» հիմնադրամի և Դեսինի հայ մշակույթի տան միջև համագործակցության, ինչպես նաև Դեսին-Շաղպիոյի քաղաքապետարանի մասնակցության շնորհիվ Արցախի Մարտունու շրջանում ապրող 1000 աշակերտ դպրոցական պայուսակներ և այլ պարագաներ է ստացել:

Այս նախաձեռնության շրջանակներում ընդգրկվել է Ճարտարի համայնքի 4 և Մարտունու շրջանի 7 սահմանամերձ դպրոց: Բաշխումն իրականացվել է Մարտունու շրջանի կրթության վարչության միջոցով:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռել Արցախի սահմանամերձ շրջաններում ապրող 1000 երեխայի իրացնելու կրթություն ստանալու իրենց իրավունքը: Յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսված փաթեթը ներառում է դպրոցական պայուսակ, տետրեր, գրիչներ և այլ գրենական պիտույքներ, որոնք կբավարարեն երեխաների կարիքները մեկ ուսումնական տարվա համար (2021-2022):

Արցախյան վերջին պատերազմը հանգեցրեց հումանիտար իրական ճգնաժամի, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր ընտանիքներ տեղահանվեցին՝ կորցնելով տունն ու ողջ տնտեսությունը: Այս փախստականներից գրեթե 50,000-ը երեխաներ են: Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո շատերը որոշեցին վերադառնալ Արցախ և կյանքը սկսել նորովի: