4 սեպտեմբերի 2021 - 12:59 AMT
Բլինքենը՝ Միրզոյանին․ ԱՄՆ-ն խրախուսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսումը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ ԱՄՆ-ն խրախուսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունը Ձեզ հետ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։ Խրախուսում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը։

Միացյալ Նահանգները Ձեր կառավարության գործընկերն է օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, ինչը պետք է իրականացվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը զուգահեռ։ Երևանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցել Ձեզ և Ձեր կառավարությանը մեր երկու երկրների միջև ամուր կապերի պահպանման գործում: Համատեղ կարող ենք առաջ մղել Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարեկեցիկ ապագայի մեր միասնական շահերը»ասվում է ուղերձում:

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին։ «Մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված առավել ամուր երկկողմ կապերի ձևավորման համար»,-ասվում է ուղերձում։