4 սեպտեմբերի 2021 - 16:18 AMT
Քաբուլում թալիբների «տոնական» կրակոցներից առնվազն 17 զոհ կա

Քաբուլում թալիբների «տոնական» կրակոցներից, որոնք հնչել են Փանջշերում առանցքային շրջան գրավելու մասին տեղեկությունից հետո, առնվազն 17 մարդ է զոհվել։ Եվս 41-ը տուժել է, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Թալիբան» շարժման ղեկավարությունը հայտարարել է, որ օդ կրակողների զենքը կառգրավեն, իսկ մեղավորներին պատասխանատվության կկանչեն։

Թալիբների կողմից չվերահսկվող Փանջշեր գավառում ամենամեծ շրջանը գրավելու մասին շարժումը հայտարարել է սեպտեմբերի 3-ին։ Ըստ որոշ ԶԼՄ-ների, շրջանն ամբողջությամբ անցել է թալիբների վերահսկողության տակ։ Դիմադրության շարքերից այդ տեղեկատվությունը հերքում են՝ պնդելով, որ մարտերը շարունակվում են։

Օգոստոսի սկզբին, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման ֆոնին, թալիբները հարձակում սկսեցին Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ։ Օգոստոսի 15-ին թալիբները մտան մայրաքաղաք Քաբուլ և գրավեցին նախագահական պալատը, իսկ հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն Աֆղանստանում ավարտված է։

Photo. Reuters