6 սեպտեմբերի 2021 - 12:55 AMT
Հաջիև․Ադրբեջանն ու ՌԴ-ն շարունակում են ռուս խաղաղապահների մանդատի շուրջ քննարկումները

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը լրացուցիչ իրավական մեխանիզմներ են քննարկում` կապված Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ։

«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և իրավական լրացուցիչ մեխանիզմներին, ապա այդ առնչությամբ կողմերի միջև եղել են նախնական շփումներ։ Որոշակի քննարկումներ դեռևս շարունակվում են», - ասել է Հաջիևը BBC-ին հարցազրույցում, գրում է Moscow.baku.ru-ն:

Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողություններն իրականացվում են ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները:

Ըստ Հաջիևի` նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը սահմանել է խաղաղապահ ուժերի «քաղաքական և որոշակի չափով իրավական շրջանակները»:

Ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում 2020-ի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո, հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև շփման գծում, ըստ նոյեմբերի 10-ի ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ստորագրած եռակողմ հայտարարության։ Սակայն, Ադրբեջանը մինչ օրս դեռ չի ստորագրել խաղաղապահների մանդատը։

Photo. Ria Novosti