6 սեպտեմբերի 2021 - 14:54 AMT
Սերժ Սարգսյանի պաշտպան. Պահանջում ենք հերքումը հնչեցնել նույն՝ ԱԺ ամբիոնից

Փաստաբան Ամրամ Մակինյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի` Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով:

Սուքիասյանն օգոստոսի 25-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե Սարգսյանը Բադեն-Բադենում միլիոնավոր դոլարներ է տանուլ տվել։

«Պահանջում ենք, որ հերքումը ներկայացվի այն ամբիոնից, ինչ ամբիոնից որ հնչեցվել էր, այսինքն՝ Ազգային ժողովի ամբիոնից»,- դատարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մակինյանը, գրում է Panorama.am-ը:

Նրա փոխանցմամբ, հայցադիմումը բավականին ծավալուն է, ներկայացրել են բոլոր հիմնավորումները, որոնց ուժով, համոզված են, դատարանն իրենց հայցը բավարարելու է և պարտավորեցնելու է Սուքիսյանին տեղեկությունները հերքել:

«Այս իշխանությունները մինչև իշխանության գալը գեներացրել են շատ մեծ քանակությամբ սուտ, դրա արդյունքում կարողացել են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, գեներացրել են շատ մեծ քանակությամբ ատելություն, որի արդյունքում ունենք այն, ինչ հիմա ունենք:

Հրապարակային հայտարարում եմ՝ այսուհետ բոլոր ստերի հետևից մենք գնալու ենք, և այս իշխանությունները հնարավորություն չեն ունենալու այլևս օգտվել մեր համբերությունից, մեր բարի կամքից․․․Այլևս չենք հանդուրժելու, որ մեկը ասի մի սուտ, վերցնեն, պտտեն տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, այդ սուտը դարձնեն մեծ փուչիկ և անընդհատ ներկայացնեն»,- ասել է Մակինյանը:

Սերժ Սարգսյանի պաշտանն ընդգծել է՝ այսօրվանց «ազդարարում են ստի վերջը»:

«Չի լինելու այսպես: Բոլորն իրենց արտահայտած հրապարակային, առավել ևս անվանարկող տեղեկությունների համար պետք է պատասխան տան Հայաստանի դատարանում, ներկայացնեն փաստեր, որ այդ տեղեկությունները կան: Այդպիսի փաստեր չեն կարղ լինել, քանի որ ինքնին այդ տեղեկություններն ակնհայտ իրականությանը համապատասխանող չեն: Այսօրվանից մենք գնում ենք մինչև վերջ բոլոր հրապարակային և անվանակարող արտահայտությունների հետևից»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Մակինյանն ասել է որ Խաչատուր Սուքիասյանից որպես վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ են պահանջում: «Դա ամբողջությամբ պետք է վճարվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին»,- նշել է նա։