7 սեպտեմբերի 2021 - 19:17 AMT
Արցախի և ՀՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ ռազմագերիների և քաղաքացիականների շուտափույթ հայրենադարձումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Երևանում կայացած հանդիպմանը առանձնահատուկ կարևորել են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ և առանց նախապայմանների հայրենադարձումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի, հատկապես՝ տեղահանված արցախահայության իրավունքների վերականգնման և նրանց համապարփակ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո Արցախում ստեղծված իրավիճակի և հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ տեղում իրականացվող աշխատանքների շուրջ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և համապարփակ ու տևական հանգուցալուծման անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ շեշտել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, ինչը խաթարում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը։