8 սեպտեմբերի 2021 - 15:50 AMT
Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նշվում է, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվլիի առաձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Երկու երկրների վարչապետները ԶԼՄ-ների համար հանդես կգան նաև բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Նախատեսված է վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում: