8 սեպտեմբերի 2021 - 17:56 AMT
ԱՆ․ Որոշ ԲԿ-ներում պետպատվերի տեղերը սպառվել են

ՀՀ առողջապահության նախարարությունը, ի պատասխան շրջանառվող լուրերի, թե պետպատվերով բուժումը սառեցվել է, պարզաբանել է, որ այս տարի, հաշվի առնելով հետպատերազմական վիճակը, այսինքն` ավելի մեծ թվով քաղաքացիներին սպասարկելու հանգամանքը, որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Այս ընթացքում ԲԿ–ներում պետպատվերով բուժումը կիրականացվի հերթագրման եղանակով, մինչև գումարի վերաբաշխում կլինի»,-ասել են նախարարությունից։

ԱՆ-ից հայտնել են նաև, որ յուրաքանչյուր տարվա համար քաղաքացիների պետպատվերով բուժման համար որոշակի գումար է հատկացվում։

Yerevan.Today-ն ավելի վաղ գրել էր, որ պետությունը 4 միլիարդի չափով պարտքեր է կուտակել խոշոր բուժհիմնարկներին. օգոստոսի 1-ից առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Ըստ կայքի` պետպատվերով բուժումները սառեցվել են մինչև 2022-ը։