Էրիկա Օլսոնը ստանձնել է Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների և Հարավային Եվրոպայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնը: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցին վերջերս պետքարտուղարության համակարգում կադրային նոր նշանակումների վերաբերյալ։
Վերջինս մինչ այս նշանակումը զբաղվել է Հյուսիսային Եվրոպայի, Բալթյան երկրների և Արկտիկայի հարցերով, ինչպես նաև աշխատել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատանը որպես տնտեսական հարցերով խորհրդական:
«Այս պաշտոնյաները միացել են գերատեսչության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյին պետքարտուղարության դիվանագիտական նշանակումների բնականոն գործընթացի ներքո»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը իր գրավոր պատասխանում:
Օլսոնից բացի, ըստ պետքարտուղարության, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի նոր նշանակումներն են դեսպան Դերեկ Հոգանը՝ որպես փոխպետքարտուղարի գլխավոր տեղակալ, Ռոբին Դանիգանը ՝ որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ և Գաբրիել Էսկոբարը՝ որպես Հարավային Կենտրոնական Եվրոպայի և հանրային դիվանագիտության ու մամուլի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ: