9 սեպտեմբերի 2021 - 10:41 AMT
ԵՄ-ն կհեռացնի ՀՀ-ին համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից

Եվրամիությունը հեռացնում է Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից։ Այդ մասին հաղորդել է «Ազատության» Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակը։

ԵՄ դեսպանների հավաքի ընթացքում հաստատված հանձնարարականի համաձայն Հայաստանի քաղաքացիների՝ իր տարածք մուտքն արգելելու կամ թույլատրելու մասին որոշումը դաշինքի յուրաքանչյուր պետություն ինքնուրույն պետք է կայացնի։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ կայացված որոշման մասին ԵՄ պաշտոնապես կհայտարարի շաբաթվա վերջին։

ԵՄ խորհուրդը Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքը չեղարկելու մասին որոշումը կայացրել էր հունիսի 30-ին՝ այն ժամանակ ևս Հայաստանի հետ սահմանների բացման վերջնական որոշումը վերապահելով անդամ պետություններին։

Սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 410 դեպք, որոնցից 230 291-ն` առողջացած, 4954-ը` մահվան ելքով: