10 սեպտեմբերի 2021 - 11:30 AMT
ԶԼՄ․ Բայդենը մտադիր է պատվաստման պահանջ սահմանել 100-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունների համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պարտադիր պատվաստման պահանջ սահմանել 100-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունների համար։ Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ իր աղբյուրներին հղումով։

Ըստ հրապարակման, 100-ից ավելի աշխատակից ունեցող ընկերություններից կարող են պահանջել համատարած պատվաստում անցկացնել։ Պատվաստումից հրաժարվելու դեպքում աշխատակիցը պետք է կանոնավոր կերպով թեստ հանձնի։ Ըստ հեռուստաալիքի, Բայդենը մտադիր է այդ պահանջով դիմել ԱՄՆ աշխատանքի նախարարությանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ ԱՄՆ նախագահն իր հրամանագրով կպարտավորեցնի պետծառայողների մեծ մասին պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ առանց թեստ հանձնելու դեպքում պատվաստումից հրաժարվելու հնարավորության։

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Բայդենը կչեղարկի այն դրույթը, որով պետծառայողին թույլատրվում էր չպատվաստվել կորոնավիրուսի դեմ, եթե վերջինս կանոնավոր կերպով թեստ հանձնի։ Ըստ այդ տվյալների, նման պահանջներ կարող են սահմանվել նաև մասնավոր ընկերությունների աշխատակիցների համար, որոնք պայմանագրով ծառայություններ են մատուցում դաշնային կառավարությանը։

Հուլիսի վերջում Ջո Բայդենը կարգադրել էր բոլոր դաշնային պետծառայողներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Սակայն, նրանք կարող էին հրաժարվել պատվաստումից՝ աշխատավայրում դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու կամ 2 շաբաթը մեկ թեստ հանձնելու պայմանով։

Photo. Getty Images