20 մարտի 2009 - 22:14 AMT
ՀՀ վարչապետը պարզաբանումներ է տվել հանրությանը ՀՆԱ-ի ցածր ցուցանիշների վերաբերյալ
Հայաստանի ՀՆԱ-ին մեծ հարված հասցրեց սպառման գծի փոփոխությունը, որը կարող է ավելացնել կամ նվազեցնել ՀՆԱ-ի տնտեսական աճի ցուցանիշը: Այդ մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, հանդես գալով բացման խոսքով «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման պաշտոնական շնորհանդեսի ժամանակ:

«Մեխանիզմները, որոնք գործում են սպառման մակարդակում, դա մեր երկրում բաշխված եկամուտներն են, որ մենք ստանում ենք աշխատավարձերի, օտարերկրյա ներդրումների ու դրամական փոխանցումների տեսքով: Այդ ցուցանիշների նվազումն ազդում է սպառման գծի վրա, որը կարող է ավելացնել կամ նվազեցնել ՀՆԱ-ի տնտեսական աճի ցուցանիշը»,-ասել է նա: Նաեւ նշանակություն ունեն հանրության ակնկալիքները, ինչն էլ ազդում է ներդրողների վարքագծի վրա, ասել է նա:

Ինչպես նշել է Տ.Սարգսյանը, այսօր ՀՀ-ում կան կուտակված խնայողություններ, որոնք մարդիկ, ելնելով բացասական ակնկալիքներից, չեն ծախսում, ուստի փոխում են վարքագիծն ու չեն ուղղում այդ միջոցները այս կամ այն ներդրումային ծրագրի իրականացմանը: Սա եւս բացասաբար է անդրադառնում ՀՆԱ-ի վրա: «Այդ խնայողությունների ծավալը ՀՀ-ում բավական մեծ է եւ այժմ հնարավոր է շուրջ 2 մլրդ ներգրավել եւ ուղղել ներդրումային ծրագրերի իրագործմանը»,-հաղորդել է նա:

Վարչապետը պարզաբանել է, որ մարդիկ հաշվի են առնում այն ռիսկերը, որ կան երկրի ներսում եւ համաշխարհային տնտեսության մեջ: «Կառավարության պարտքն է նվազագույնի հասցնել այդ ռիսկերի մի մասը կայուն մեխանիզմների ու ծրագրերի միջոցով, այդ թվում կիրառելով նոր, եզակի մեխանիզմներ»,-ասել է նա: Ըստ Սարգսյանի, այսօրվա դրությամբ կառավարությունը օգտագործում է աննախադեպ մեխնիզմներ եւ արդեն իսկ հաստատել է 18 ծրագիր 25 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ: Ինչպես ասել է վարչապետը, այդ ծրագրերի իրականացման համար կառավարությունը պետական երաշխիքներ է տրամադրել, ուղղակի պետական ներդրումներ, սուբսիդավորում, մասնեբաժնի տեսքով մասնակցություն մասնավոր կապիտալի հատվածում: «Այս մեխանիզմները կիրառվում են նվազագույնի հասցնելու համար եղած ռիսկերը, դրանց մի մասը կառավարությունն իր վրա է վերցնում, ստեղծելով առավել բարենպաստ ներդրումային դաշտ»,-հաղորդել է նա: