10 սեպտեմբերի 2021 - 13:13 AMT
Երևանի համար 122 դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել․ Նա չի կալանավորվի

Երևանի համար 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինե Մալախյանն ազատ է արձակվել․ նա չի կալանավորվի։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է Մալախյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ հրապարակելով դատարանի որոշումը։

Դատարանը նաև բավարարել է Մալախյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով ձերբակալությունը։

Սեպտեմբերի 2-ին սոցցանցերում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակվել։ Զրույցից պարզ էր դառնում, որ Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից կաշառք է պահանջել նրան աշխատանքի ընդունելու համար, ապա պահանջել է ամեն ամսվա աշխատավարձի մի մասն իրեն տալ։