10 սեպտեմբերի 2021 - 15:52 AMT
Ջուլֆալակյան․ Այն, ինչ փորձեցին անել Բելառուսում, գրեթե նույնն էր, ինչ արվեց ՀՀ-ում 2018-ին

Հայտնի մարզիկ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Արսեն Ջուլֆալակյանը, ֆեյսբուքյան իր էջում զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Բելառուսի վերջին շրջանի իրադարձությունների միջև, գրել է, որ այն, ինչ 2020-ին փորձեցին անել Բելառուսում, գրեթե նույնն էր, ինչ արվեց ՀՀ-ում 2018-ին:

Նա նշել է, որ խորապես ուսումնասիրվել են երկրում եղած իրական խնդիրները և իբր բարի նպատակներով՝ ժողովրդավարության քողի տակ, փորձ է արվել վերացնել այդ երկրի ինքնիշխանությունը ևս՝ «ինչու չէ, նաև պետականությունը»։

«Հատկապես ուշադրություն դարձրեք, թե ում ումով էին պատրաստվում փոխարինել. հսկայական քաղաքական/պետական փորձ ունեցող գործչին տնային տնտեսուհիով (երկուսի հանդեպ էլ անձնական որևէ վերաբերմունք չունեմ, զուտ արձանագրում եմ փաստերը…):

Հարց. և՛ Հայաստանի, և՛ Բելառուսի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն էր/է: Ինչպե՞ս պատահեց, որ մեր դեպքում պրոցեսները լրիվ այլ սցենարով գնացին, իսկ Բելառուսը ամեն գնով պահեց այն, ինչ ուներ՝ ստանալով բացարձակ աջակցություն ռազմավարական դաշնակցից: Կարո՞ղ է մի օր պարզվի, որ հայկական կողմը ռազմավարական դաշնակցի հանդեպ էժանագին «շուստռիությամբ» էր զբաղված՝ չկայացած լրագրողի մակարդակով...

Իսկ հիմա էլ, ինչպես հաճախ է պատահում, մեղավոր են բոլորը, բացի մեզանից: Մտածենք:

Մեծ քաղաքականության մեջ նման արկածախնդրությունները կործանարար են լինում պետությունների համար: Սեփական ուժերը ճիշտ չգնահատելը լրջագույն սխալ է:

Մնում է վերջնական ապացուցել փաստերով, միտումնավո՞ր էր այդ ամենը, թե՞ ապիկարություն: Անկախ դրանից՝ պատասխանատվություն պետք է լինի պարտադիր:

հ.գ. Ի դեպ, ամեն ինչ իր գինն ունի: Երեկ Լուկաշենկոն ու Պուտինը համաձայնեցրին Միութենական պետության բոլոր 28 ծրագրերը…»,-ասվում է գրառման մեջ։

Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարներ Միխայիլ Միշուստինը և Ռոման Գոլովչենկոն փաստաթուղթ են ստորագրել Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունների վերաբերյալ։