Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում և աշխարհում հիշում են 20 տարի առաջ՝ 2001-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, դիմելով ամերիկացիներին, միասնության կոչ է արել։
«20 տարի անց մենք հիշում ենք 2001-ի սեպտեմբերի 11-ի զոհերին՝ 2977 մարդ զոհվեց և մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց և այն մարդկանց հիշատակին, ովքեր վտանգում էին իրենց կյանքը։ Ինչպես համոզվեցինք հաջորդ օրերին, մեր մեծագույն ուժը միասնությունն է։ Մենք չպետք է մոռանանք դրա մասին»,-գրել է Բայդենը Twitter-ի իր միկրոբլոգում։
2001թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան 19 ահաբեկիչները, բաժանվելով 4 խմբի, զավթեցին ԱՄՆ չորս ուղևորատար ինքնաթիռ, որոնցից երկուսն ուղղորդեցին դեպի Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակները: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղեցին Պենտագոնի վրա, չորրորդ ինքնաթիռը վայր ընկավ Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտ: Հարձակումների արդյունքում զոհվեց 2977 մարդ: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձիք էին: