13 սեպտեմբերի 2021 - 17:31 AMT
Մանուկյան․ Տարածքային ինքնակառավարման համակարգը գլխատվում է՝ մոտ 1000 համայնքում պաշտոնակատարներ են

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, ԱԺ նիստում դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ասել է, որ համայնքների խոշորացման անվան տակ կամ այլ պատճառներով ՏԻՄ ընտրությունները հաճախ հետաձգվում են և որոշ համայնքներում ղեկավարները տևական ժամանակ պաշտոնակատարներ են։

Ըստ նրա, տարածքային ինքնակառավարման համակարգը գլխատվում է։

«Արդյունքը սարսափելի է լինելու՝ մոտ 1000 համայնքում այլևս չեն լինելու ղեկավարներ, այլ լինելու են պաշտոնակատարներ։ Որոշ համայնքներում չկան ավագանիներ, որոնց ժամկետն ավարտվել է։ Որոշ դեպքերում նշանակվում են իշխող խմբակցության համակիր-պաշտոնակատարներ, որոնք հետո վարչական լծակի կիրառման լայն հնարավորություն են ստանում»,-ասել է Մանուկյանը։

Մուկուչյանը ի պատասխան նշել է, որ ԿԸՀ գործառույթը նշանակումից հետո ընտրությունների կազմակերպումն է, ոչ թե գնահատականներ տալը։

«2020-ի համար սահմանված էին սեպտեմբերն ու հոկտեմբերը։ Սակայն նկատի ունենալով շատ կազմակերպական խնդիրներ՝ նշանակվեցին հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին»,-ասել է նա։

Պատասխանելով Գեղամ Մանուկյանի ընտրացուցակների մասին հարցին՝ Մուկուչյանն ասել է, որ ցուցակները կազմվում են հետևյալ մեթոդաբանությունը՝ պարտադիր է, որ անձը լինի ՀՀ քաղաքացի, ունենա հաշվառում ՀՀ-ում: Նա հավելել է, որ վերջին փոփոխությունների համաձայն, որոնք կիրառվելու առաջիկա ՏԻՄ ընտրություններում, այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, չեն ներառվի ցուցակներում:

Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում ներկայացնում էր ԿԸՀ գործունեության տարեկան հաղորդումը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ որոշ համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։