20 մարտի 2009 - 23:32 AMT
«Արցախ ՀԷԿ» IPO-ն ներդրումներ կապահովի ԼՂՀ տնտեսության զարգացման համար
«Արցախ ՀԷԿ-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն աննախադեպ իրադարձություն է, որը նպաստում է ԼՂՀ տնտեսության զարգացմանը»,-Երեւսնում ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ուրբաթ օրը այդ ծրագրի շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքերով, հետպատերազմյան շրջանում սա ամենամեծ ներդրումային նախագիծն է, որի իրականացման համար տեւական բանակցություններ են վարվել տարբեր խոշոր ներդրողների հետ:

Արա Հարությունյանը պարզաբանել է, որ Ղարաբաղը, բավարար քանակի ջրային եւ էներգետիկ ռեսուրսներ ունենալով, զրկված էր նման հնարավորությունից` խոշոր ներդրողների անվստահության եւ թերահավատության, միջազգային ծրագրերի բացակայության, տեղի գործարարների սուղ հնարավորությունների, ինչպես նաեւ բիզնես ծրագրի ու գրագետ մենեջմենթի բացակայության պատճառով: «Այս նախագիծը լավ հնարավորություն կտա մեր հայրենակիցներին, որոնք ցանկանում են մասնակցել Ղարաբաղի տնտեսության զարգացմանն ու ներդրումներ անել»,-ասել է նա:

Ելույթ ունենալով հավաքվածների առջեւ Ա.Հարությունյանը կոչ է արել հանրությանը ներդրումներ անել «Արցախ ՀԷԿ» նախագծում, ինչը հնարավորություն կտա նոր աշխատատեղեր ապահովել եւ կնպաստի ԼՂՀ տնտեսական աճին: Վերջին տվյալներով, ԼՂՀ-ում IPO-ի ցուցակագրվածների թիվը հասել է 200-ի` 400 մլն դրամ ընդհանուր գումարով:

3,45 մլրդ դրամ (շուրջ 9,5 մլն դոլար) ընդհանուր ծավալով բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն իրականացրել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն, իսկ էմիսիայի խորհրդատուն ու տեղաբաշխողը «Արմենբրոկ» ԲԲԸ-ն է: Տեղաբաշխվում է 3285715 բաժնետոմս, մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը 1050 դրամ է:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն ԼՂՀ էներգետիկ ոլորտի առաջատար ընկերություններից է, որն այս պահի դրությամբ բավարարում է ԼՂՀ էներգիայի պահանջարկի 40-60 տոկոսը: Տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցները կուղղվեն ԼՂՀ-ում երեք փոքր ՀԷԿ-երի շինարարությանը Թարթառ ամենախոշոր գետի վրա: Նոր ՀԷԿ-երը թույլ կտան բավարարել ԼՂՀ էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի 85 տոկոսը: