14 սեպտեմբերի 2021 - 18:03 AMT
Շրջանառության մեջ է դրվել «Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով գեղաթերթիկը՝ 2 նամականիշով

2021 թվականի սեպտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի անվան թանգարանում մարվել և շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշով գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով:

Մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի պետի Ծովինար Գալստյանը, ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

940 դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (XIX դ.), իսկ 950 դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ հրթիռակոծված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կողմից:

Գեղաթերթիկի ձախ հատվածում պատկերված է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մինչև ռմբակոծումը, ինչպես նաև՝ եկեղեցու հրեշտակ քանդակներից մեկը: Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ռմբակոծվող Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև՝ անօդաչու թռչող սարք:

Դիզայնը Դավիթ Դովլաթյանինն է, տպագրվել է ֆրանսիական Cartor տպարանում, 25, 000 հատ տպաքանակով։ Նամականիշի չափսերն են` 40,0 x 30,0 մմ, գեղաթերթիկի չափսերը` 105,0 x 70,0 մմ։

Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը 2 անգամ հարվածել է Սբ Ամենափրկիչին՝ եկեղեցուն ավերածություններ պատճառելով։ Երկրորդ հարվածի ժամանակ ներսում նաև ռուս լրագրողներ են եղել։

Ադրբեջանական սոցցանցերում տարածվող տեսանյութերից երևում է, որ ադրբեջանցիները ուժերը հանել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դարպասներին տեղադրված հրեշտակների արձանները և խաչը: Բացի այդ, Ադրբեջանը որոշել է ապօրինի «վերականգնել» եկեղեցին, որը, անկասկած, կհանգեցնի հայկական եկեղեցու «ալբանացման»։