Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը չի այցելել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին և պատգամավորության մանդատից հրաժարվելու վերաբերյալ խոսակցություն չի եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին։
«Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ իբր Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը, իսկ Չարչյանն էլ կտրականապես մերժել է այդ առաջարկը։
Տեղեկացնեմ հանրությանը, որ այսօր եմ տեսակցել պարոն Չարչյանին և զրուցել նրա հետ վերոնշյալ հարցի շուրջ՝ պրոֆեսորը հերքել է այդ տեղեկատվությունը, խստորեն դատապարտել սուտ տեղեկատվության շրջանառությունը՝ մասնավորեցնելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն չի այցելել և նրանք նման բովանդակությամբ խոսակցություն չեն ունեցել»,- գրել է Ալեքսանյանը։
«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։