15 սեպտեմբերի 2021 - 17:51 AMT
Միրզոյանն ու Կարապետյանը ՀԱՊԿ նիստին չեն մեկնել օդանավի անսարքության պատճառով

Օդանավի անսարքության պատճառով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին։ Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նույն՝ օդանավի անսարքության պատճաոռվ, Դուշանբե չի մեկնել նաև պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Այդ մասին հայտնել են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, գրում է Aysor.am-ը։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ Հայաստանից դրան չի մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը։

ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասել է, որ Միրզոյանը մեկնելու է Դուշանբե։ «Բայց նա Դուշանբե մեկնելու է, որտեղ վաղը մասնակցելու է ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։ Նախատեսված է նաև երկկողմ հանդիպում», - ասել է Հունանյանը։

Նախարարի մամուլի խոսնակն ասել է, որ օդանավը եղել է քաղաքացիական։ Այլ մանրամասներ Հունանյանը չի ներկայացրել։

ՀՀ-ն ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստում ներկայացրել է միայն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ընթերցեք նաև․ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ-ում․ Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում