15 սեպտեմբերի 2021 - 18:04 AMT
Փաշինյան․Դեկտեմբերին Գորիս-Կապանով օտարերկրյա բեռների երթևեկման մասով չէինք պայմանավորվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով իրավիճակին Գորիս-Կապան ճանապարհին և նշելով, որ այդ հարցում բազմաթիվ շերտեր և ենթատեքստեր կան, ասել է, որ 2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այդ ճանապարհահատվածով կարող են անարգել անցնել ՀՀ տրանսպորտային միջոցները և բեռները, բայց օտարերկրյա բեռների հանգամանքը չէր արձանագրվել։

Նա ասել է, որ Ադրբեջանը կիրառում է արգելքը՝ ի պատասխան հայկական կողմի այն հայտարարությունների, որ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ։

«Հայաստանը, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարկերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան ուղևորվելիս, պիտի հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր»,-ասել է նա:

Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է 2010-ին ԱԺ-ի ընդունած Վարչատարածքային բաժանման մասին օրենքին, որտեղ, ըստ նրա, հստակ նշված է, որ, օրինակ, Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին.

«Այս իրողությունն է ընդունվել որպես հիմք, ինչպես նաև՝ ԽՍՀՄ ժամանակվա Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանը: Երկու տեղ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀԽՍՀ վարչական սահմանից, որտեղ էլ ժամանակին տեղակայվեցին հայտնի ցուցանակները»,-ասել է վարչապետը: Նա ասել է նաև, որ իր ելույթում օգտագործել է բնակավայրերի ադրբեջանական անվանումները՝ Էյվազլի և Չայզամի, որպեսզի «ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ ՀԽՍՀ տարածքում, այլ այդ տարածքից դուրս»:

Փաշինյանն ասել է նաև, որ 2020-ի դեկտեմբերին իրականացվել է ՀՀ զինված ուժերի դիրքերը ԽՍՀՄ-ից ժառանգած սահմաններին համապատասխանեցնելու գործընթաց, և դա արվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար։

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։