15 սեպտեմբերի 2021 - 19:23 AMT
ԱՄՆ-ն $9․5 մլն է հատկացրել ՀՀ-ին կոռուպցիայի դեմ պայքարի համար

ԱՄՆ կառավարությունն աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի ջանքերին՝ այդ նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով հատկացնելով 9․5 միլիոն դոլար։

Այդ մասին հայտարարվել է «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի մեկնարկի մասին ազդարարող «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթություններ» համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել կոռուպցիոն հնարավորությունները և Հայաստանում ամրապնդել կառավարման և հաշվետվողականության բարելավման հասարակական պահանջը:

Գրիգորյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացակարգը, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության կանոնակարգումը, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանի կազմավորման գործընթացը:

Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ վերջին ժամանակահատվածում իրականացված աշխատանքներին՝ նշելով, որ հայտարարագրման համակարգի բարելավման արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը, ներդրվել է կատարված ծախսերի և փաստացի տիրապետվող գույքի հայտարարագրման պահանջ, նվազեցվել է թանկարժեք գույքի հայտարարագրման դրամական շեմը՝ 8 մլն-ի փոխարեն սահմանվելով 4 մլն դրամ:

Սուրեն Գրիգորյանը հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում հավելել է նաև կրթությունը, հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը և կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմերի ներդրումը։

Ծրագրի մեկնարկին ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, պատգամավորներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, այլք: