Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստից առաջ տեղի ունեցած հանդիպմանը, կարևորել են տնտեսական կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, ինչը կնպաստի Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ։
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Հայաստանի և Տաջիկստանի ղեկավարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստի օրակարգի, ՀԱՊԿ տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների շուրջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-17-ին Դուշանբեում մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին: